ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եվրասիական ինտեգրման գործընթացներն այսօր ավելի նշանակալից են դառնում հատկապես տարածաշրջանային և գլոբալ գործընթացների զարգացման դինամիկայի ֆոնին։ Այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ելույթ ունենալով «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում։
Նրա խոսքով` առկա լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ Արևմուտքի կողմից վարվող պատժամիջոցային քաղաքականության և միջազգային առևտրի հաստատված հիմքերի «ապամոնտաժման» պայմաններում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայունությունը։
«ԵԱՏՄ-ն դարձել է արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունը նպաստում է առևտրի աճին, փոխադարձ ներդրումներին, գործարար կապերի ակտիվացմանը, համագործակցության ընդլայնմանը։ Այս ամենը տնտեսական օգուտներ են բերում միության անդամներից յուրաքանչյուրին»,- ասաց Կոպիրկինը:
Որպես իր խոսքերի ապացույց` ՌԴ դեսպանը վկայակոչեց ԵԱՏՄ-ի վիճակագրական ցուցանիշները, որոնց համաձայն` միության գոյության 10 տարվա ընթացքում անդամ երկրների ընդհանուր համախառն արտադրանքը 1,6 տրիլիոն դոլարից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60%-ով։ Փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 մլրդ դոլարից հասնելով 89 մլրդ դոլարի, ընդ որում` փոխադարձ առևտրի շուրջ 90%-ն արդեն իրականացվում է ազգային արժույթով։ 2023 թվականի վերջին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճը հասել է 3,7 տոկոսի, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Միաժամանակ Հայաստանն ու Ղրղզստանը ԵԱՏՄ–ում առաջատար երկրներ են։
«Հարկ է նշել, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի` հիմնական շահույթ ստացող երկրներից մեկն է. 2015 թվականից ի վեր ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է 14 անգամ»,- արձանագրեց ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը դրական է գնահատում ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության ստանձնման ժամանակ նախանշած առաջնահերթությունները և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրանց իրականացմանը։