ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով մեկնել է Կիև։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press» գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Բլինկենը վստահության ուժեղ ազդանշան կուղարկի ուկրաինացի պաշտոնյաներին և քաղաքացիական հասարակության գործիչներին, որոնց հետ կհանդիպի իր երկօրյա այցի ընթացքում:
«Բլինկենը կընդգծի Բայդենի վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանությանը և երկարաժամկետ անվտանգությանը», - հայտնում է լրատվամիջոցը։
Պաշտոնյաները գործակալությանը հայտնել են, որ ապրիլին Բայդենի կողմից Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթի ստորագրումից ի վեր վարչակազմն արդեն հայտարարել է կարճաժամկետ ռազմական օգնության համար 1,4 միլիարդ դոլար հատկացնելու և երկարաժամկետ աջակցության համար 6 միլիարդ դոլար հատկացնելու մասին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, որը Բլինկենի հետ գնացքով Լեհաստանից Ուկրաինա է ուղևորվել, հավելել է, որ հրետանին, ՀՕՊ-ի կալանիչներն ու հեռահար հրթիռներն արդեն տեղ են հասել, որոշները՝ առաջնագիծ:
Կրեմլում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։