ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բելգիայի ԱԳՆ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև` Ղազախստանում կայացած բանակցությունները։ Գերատեսչությունն այդ մասին հայտարարել է X սոցցանցում։
«Բելգիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած բանակցությունների նոր փուլը, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք ընդունելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով քննարկումները շարունակելու ջանքերը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ն Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները բանակցությունների արդյունքում ողջունել են սահմանազատման հարցում գրանցված առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր։