ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Երևան–Բաքու բանակցություններին. Պետդեպ

Վեդանտ Պատել
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Ալմաթիում կայացած բանակցությունները։
«Երբ խոսվում է Լեռնային Ղարաբաղի մասին, մենք ասում ենք՝ շարունակում ենք հավատալ, որ խաղաղություն հնարավոր է։ Պետքարտուղարը և մյուսները շարունակում են ինտենսիվորեն զբաղվել դրանով: Ես կողմերի միջև բանակցությունների մասին նոր տվյալներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին», - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ն Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները բանակցությունների արդյունքում ողջունել են սահմանազատման հարցում գրանցված առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր։