ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգում փոթորիկների և տորնադոների հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Մենք արդեն ունենք մահվան մեկ հաստատված դեպք, և չենք ուզում, որ նոր տուժածներ լինեն»,-հայտարարել է Սենտ-Մարտինի շերիֆ Բեքեթ Բրոն սոցիալական ցանցերում` տեղի բնակիչներին կոչ անելով մնալ տանը:
NBC News հեռուստաալիքը, հղում անելով Ուեսթ Բաթոն Ռուժի շերիֆի գրասենյակին, հայտնել է նաև տեղի բնակիչներից մեկի մահվան մասին, որի թրեյլերի վրա ծառ է ընկել: Իրավապահների խոսքով՝ տղամարդն ու 5-ամյա տղան, որոնք նույնպես ներսում են եղել, տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը մայիսի 13–ին նախազգուշացրել է նաև Հարավային Լուիզիանայում, Տեխասի հարավ-արևելքում և Ֆլորիդայի հյուսիս-արևմուտքում ուժեղ փոթորիկների, կարկուտի և տորնադոների մասին: