ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնում է Ժնև, որտեղ կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
«Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում։ Մասնակցելու են խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին։ Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել նաև մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։