«Կարևորը` մենք սովորել ենք իրար ավելի լավ լսել, և դա թերևս ամենակարևորն է․Կոնյուկ

Sputnik
ԵԱՏՄ-ի գործակցության վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 4 անգամ, Երևանում Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում արձանագրել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
«Ես Հայաստանում դիվանագիտական ծառայության եմ անցել 2020թ–ին, երբ մեր երկրների ապրանքաշրջանառությունը 50 մլն դոլար էր։ Այսօր մեր ապրանքաշրջանառությունը 220 մլն դոլար է, այսինքն` ավելացել է ավելի քան 4 անգամ, ընդ որում` արևմտյան պատժամիջոցների ֆոնին»,-ընդգծեց դեսպանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ գոյության 10-ամյա տնտեսական ցուցանիշներին` Կոնյուկն արձանագրեց, որ 2023թ–ի տվյալներով աճի տեմպը կազմել է շուրջ 105 տոկոս կամ 900 մլրդ դոլար։
«Կարևորը` մենք սովորել ենք իրար ավելի լավ լսել, և դա թերևս ամենակարևորն է։ Ո՛չ ՀՆԱ–ի, և ո՛չ էլ բնակչության իրական եկամուտների աճը հնարավոր չէին լինի, եթե մենք միասին չլինեինք։ ԵԱՏՄ–ն երիտասարդ կազմավորված կառույց է, բայց դրա զարգացման համար բավական մեծ ներուժ է ներդրվել»,– ասաց Բելառուսի դեսպանը` միաժամանակ հիշեցնելով, որ չնայած առկա ձեռքբերումներին ԵԱՏՄ-ում նաև բազմաթիվ չլուծված հարցեր են մնում, որոնք դեռ պետք է լուծում ստանան։