Ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում․Բագրատ Սրբազան

Sputnik
Հայաստանի ժուռնալիստների միություն իր այցի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում պատրաստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից։
«Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ և վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ։ Այդ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ պահանջված բոլոր օրինական ճանապարհներով, մեր երկրի պես «ախպերությամբ չի տրվել»,-հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ասել է, որ Կանադայում բազմաթիվ ընկերներ ունի ինչպես հայ համայնքում, այնպես էլ Կանադայի հասարակական, քաղաքական և հոգևոր շրջանակներում։
«Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին` Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով դարձավ մեզ համար հեռավորության վրա, այն, ինչ կծառայի իմ հայրենիքին, ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում»,–ասաց Բագրատ սրբազանը։