ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. 2025 թվականի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլը սկսված է: Այս մասին հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։
«Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որից հետո ստուգվում է նրանց համապատասխանությունն առաջադրման չափանիշներին: Նախնական գնահատումից հետո «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների կարճ ցուցակ: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովն ընտրում է «Ավրորայի» հերոսներին, ապա մրցանակի դափնեկրին, որի անունը հայտարարվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ»,–մանրամասնում են կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ 2024 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Դենիս Մուկվեգեն՝ կանանց պաշտպանելու և սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործադրած խիզախ ջանքերի համար: Նա ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար` ուղղելով այն համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք օգնում են կարիքավոր մարդկանց:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս համաշխարհային մրցանակը բացահայտում է և աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություններ են իրականացնում այն համայնքներում, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն օգնության ձեռք է մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ավելի քան 3.2 միլիոն մարդու: