Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
Դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ է հայտարարել, քանի որ ավելի վաղ Սամսոնյանի գործով դատական ակտ էր կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատական լսումը հետաձգվեց դատավոր Տիգրան Ոսկանյանի ինքնաբացարկի պատճառով։ Լրագրողների հետ զրույցում պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ, ըստ էության, ինքնաբացարկի որոշումը շատ անսպասելի չէր, բայց դա կարելի էր մինչև դատական նիստն էլ անել։
«Բանն այն է, որ նույն դատավորի նախագահությամբ մարտի 15-ին Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ գործով դատական ակտ էր կայացվել, որը վերաբերում էր թողարկումներից մեկին»,- նշեց Մելիքյանը։
Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։
Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել են ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։