Կարմիր ծովում առկա լարվածության պատճառով գրեթե 3,4 հազար նավ փոխել է ուղղությունը

Կարմիր ծով
Սուեզի ջրանցքի եկամուտները հութիների գործողությունների ֆոնին նվազել են 50 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գրեթե 3,4 հազար նավ ստիպված է եղել փոխել ուղղությունը և չի մտել Սուեզի ջրանցք՝ անցած տարվա նոյեմբերից Կարմիր ծովում առկա լարվածության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Սուեզի ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան։
Մարտին Եգիպտոսի ֆինանսների նախարար Մուհամմեդ Մազիդը հայտնել էր, որ այդ լարվածության ֆոնին Սուեզի ջրանցքի եկամուտները նվազել են 50 տոկոսով:
«Կարմիր ծովում առկա անկայունությունը հանգեցրել է նրան, որ 3395 նավեր Սուեզի ջրանցքի փոխարեն ուղևորվել են դեպի Բարեհուսո հրվանդան (ՀԱՀ-ում. խմբ.)», - ասել է Ռաբիան` ելույթ ունենալով Եգիպտոսի խորհրդարանում։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բարեհուսո հրվանդանի ճանապարհը շատ ավելի երկար է, և ընդգծել է, որ Սուեզի ջրանցքը լավագույն երթուղին է միջազգային առևտրի համար:
Հիշեցնենք` Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, նոյեմբերին զգուշացրել էր, որ պատրաստվում է հարձակվել Իսրայելի հետ կապված բոլոր նավերի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը և չմոտենալ իրենց: Այդ հարձակումների ֆոնին որոշ ընկերություններ դադարեցրել են ջրանցքով փոխադրումները։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների դիրքերին՝ հայտարարելով, որ դա Կարմիր ծովով ազատորեն նավարկելու սպառնալիքի պատասխանն է։
Սուեզի ջրանցքի ճգնաժամը. ինչպես Հայաստանը կարող է Հնդկաստանը կապել ԵՄ-ի և ՌԴ-ի հետ