ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Իսրայելի իշխանությունը մայիսի սկզբին սկսել է իրենց դիվանագետներին աստիճանաբար վերադարձնել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Middle East Eye»–ը՝ հղում անելով իսրայելական անանուն աղբյուրների։
Թուրքական դիվանագիտական աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի բոլոր դիվանագետները, այդ թվում` դեսպանը, Թուրքիայից հեռացել են դեռ հոկտեմբերի 19-ին: Դեկտեմբերին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ երկրի դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրի իշխանության ղեկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Քանի որ Իսրայելն անվտանգության ռիսկերի ֆոնին հետ է կանչել իր դեսպանին, երկիրը փորձում է աստիճանաբար վերադարձնել իր դիվանագետներին (Թուրքիա. խմբ.)», – իսրայելական աղբյուրն ասել է լրատվամիջոցին։
Թուրքական աղբյուրը ևս հաստատել է այդ լուրը։ Նա ասել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը չի կրճատվել: Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը և Երուսաղեմում հյուպատոսությունը բաց են մնացել, խորհրդակցությունների համար հետ է կանչվել միայն դեսպանը:
Հիշեցնենք` Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին որոշել է հետ կանչել Թել Ավիվում դեսպան Շակիր Թորունլարին: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդ որոշումն Անկարային ավելի է մոտեցնում ՀԱՄԱՍ-ին: