Ի՞նչ կլինի, եթե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը տապալվի ԱԺ-ում

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց` հիմա բոլոր ջանքերը պետք կենտրոնացնել և հասնել նրան, որ ոչ ընդդիմադիր խմբակցություններից 18-19 պատգամավոր կողմ քվեարկի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին փուլի համար անհրաժեշտ ստորագրությունների թիվը կարևոր է, բայց դրանով գործընթացն ավարտին չի հասնում։ «Աբովյան Time»-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նա մանրամասն ներկայացրել է անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ։ Առաջին փուլում անհրաժեշտ է, որ խորհրդարանի 36 պատգամավոր ստորագրի անվստահություն հայտնելու նախագիծը, որից հետո միայն նախագիծը ԱԺ նիստերի օրակարգում կընդգրկվի։
Նշենք, որ երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ առաջին փուլի համար անհրաժեշտ ստորագրությունները կան, ընդդիմադիր պատգամավորներին խոստացել է միանալ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը։
«Եթե դու նախագիծը ներկայացնում ես խորհրդարանին 36 պատգամավորով, նիստ է գումարվում, սակայն եթե դու այնտեղ չես ունենում 50+1 ձայնի հնարավորություն, այսինքն՝ նախագիծը մերժվում է, առաջիկա 6 ամսում դու այլևս անվստահություն գործընթաց սկսելու հնարավորություն չես ունենա։ Կարևոր է, որ սրան զուգահեռ լուծվի նաև այն պատգամավորների հարցը, որոնք պետք է միանան ընդդիմությանը, որ հնարավոր լինի այդ գործընթացը բերել ու հասցնել տրամաբանական կետին»,- ասաց Աբրահամյանը։
Նա շեշտեց՝ հիմա բոլոր ջանքերը հենց այս ուղղությամբ է պետք կենտրոնացնել, հասնել նրան, որ ոչ ընդդիմադիր խմբակցություններից 18-19 պատգամավոր կողմ քվեարկի։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։ Բագրատ սրբազանը ԱԺ խմբակցություններին առաջարկեց սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար