ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է նախաձեռնության մեկ այլ անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նա շեշտել է, որ ներկայում անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող փաստաբան Հարությունյանին տեղափոխել են «Մասիվի» բաժին։
Հիշեցնենք, որ ՀՀ 5 իրավապաշտպան` Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը և Վահան Հովհաննիսյանը պատրաստակամություն են հայտնել նախապես կազմակերպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների պաշտպանությունը։ Նրանք դա անելու են անվճար հիմունքներով։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։