ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հնարավոր է` Հայաստանում «քաղաքական քրիստոնեություն» է ծնվում տրանսհումանիզմի գաղափարախոսության դեմ պայքարելու համար։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ այսպիսի տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը` գրառում անելով Telegram–ում։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը ուշադրության արժանի երկու գիծ են երևան հանում։ Առաջինն այն է, որ ցուցարարներին գործող հոգևոր առաջնորդ է գլխավորում, որը ժողովրդի ուշադրությունը չի կենտրոնացրել նեղ քաղաքական թեմատիկայի վրա։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժգոհության խնդիրը վերածել է էթիկական և գոյաբանական խնդիրների լուծման անհրաժեշտության՝ միաժամանակ զերծ մնալով սպեկուլյատիվ-ազգային կարգախոսներից:
«Այլ կերպ ասած` եթե նախկինում համաշխարհային կրոններից ակտիվություն էր ցուցաբերում «քաղաքական իսլամը», ապա Հայաստանում, հնարավոր է, ծնունդ է առնում «քաղաքական քրիստոնեությունը»՝ տրանսհումանիզմի գաղափարախոսության և դրա «հետմարդկային» դաժանության դեմ պայքարելու համար»,- եզրակացրել է Գևորգյանը:
Նրա դիտարկմամբ՝ որոշ վերլուծաբանների կարող է թվալ, թե այս շարժումն անհաջողության է դատապարտված իմպիչմենտի անհնարինության և ուժային հաշվեհարդարի ռիսկի պատճառով, բայց փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ բողոքին աջակցում են սփյուռքի ազդեցիկ համայնքները, այդ թվում՝ ամերիկյան և եվրոպական:
Արևելագետն ընդգծել է, որ Բագրատ արքեպիսկոպոսին «Կրեմլի գործակալ» և Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակից ներկայացնելու իշխանությունների փորձերը չհաջողվեցին։
«Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, չի ների սփյուռքի հետ փոխգործակցության աշխատանքների ձախողումը։ Այդ պատճառով ոչ միայն չի փրկի նրան, այլև շահագրգռված է ազատվել նրանից՝ մեղքը բարդելով Ռուսաստանի վրա, ինչպես միշտ»,- կարծում է Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր վաղ առավոտից ավելի քան 20 փողոց էին փակել մայրաքաղաքում։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։ Ժամը 11։30-ի դրությամբ անհնազանդության ակցիաների 151 մասնակցի են տարել ոստիկանություն։