ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար պետք է կառուցողական երկխոսություն ունենան։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը։
«Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը ես Բաքվում էլ կոչ կանեմ կայուն հանձնառություն ունենալ բանակցություններին։ 10–ամյակներ տևած հակամարտությունից ու տառապանքից հետո խիստ հրամայական է սա»,– ասաց նա։
Յան Բորգը վստահեցրեց, որ ԵԱՀԿ–ն պատրաստ է ավելի ներգրավված լինել ու աջակցել տարածաշրջանի հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես տեղահանվածների և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց։
«Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի նրանք կարողանան համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի հասնել։ Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են հարցերը երկկողմանի հարթությունով լուծել։ ԵԱՀԿ-ն աջակցում է դրան։ Մալթան ընկեր է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին»,– ասաց ԵԱՀԿ նախագահը։
Յան Բորգը ձեռնպահ մնաց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը գնահատելուց:
«Եթե ուզում են կառուցողական լինել, պետք է կողմերը իրար հետ խոսեն և տեսակետներ հայտնեն։ Ես գործընթացին չեմ օգնի` իմ տեսակետը հայտնելով, մենք այդ քննարկումների մաս չենք, դա երկկողմանի է»,– ասաց նա։
Լրագրողներից մեկը Բորգին փոխանցեց արցախցիների նամակները, որոնք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց ՝ պահանջելով լուծել իրենց վերադառնալու հարցը: Լրագրողը նաև հարց ուղղեց` ԵԱՀԿ-ն փակե՞լ է արցախյան հարցը։
ԵԱՀԿ նախագահն ի պատասխան ասաց, որ չի կարող միջամտել դերակատարների միջև կատարվող գործունեությանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։