ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները չեն մեկնաբանում ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ եկեղեցու վերաբերյալ սկանդալային հայտարարությունները` համարելով, որ դրա կարիքը չկա։
«Եթե անձը գիտակցություն ունենար, նման բան չէր ասի։ Հետևաբար մեկնաբանության կարիք չկա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայր Ասողիկ Կարապետյանը։
Իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հեգնանքով խոսեց Թորոսյանի հայտարարությունների մասին։
«Եթե Հայ առաքելական եկեղեցին միֆ է, ապա նրանք էլ հավանաբար ճշմարտության մունետիկներն են»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց արքեպիսկոպոսը։
Հիշեցնենք` Թորոսյանը սոցցանցում գրել էր, որ հայ ժողովրդին շատ ծանր ճակատագիր է բաժին հասել։ Բացի նրանից, որ ժողովուրդը պետք է քանդի ավելի քան 100 տարվա առասպելներն ու կարծրատիպերը, փաստորեն դեռ պետք է վերջնականապես և հիմնովին քանդի 1700 տարվա առասպելը, թեև մասամբ դա նրան հաջողվել է պետականություն կերտելով։