Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. փողոցներ են փակվում

Աբովյան փողոցում բազմաթիվ «կարմիրբերետավորներ» են տեղակայված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևան քաղաքում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները Աբովյան փողոցի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում մի քանի րոպեով քաղաքացիները աղբամանների և նստարանների օգնությամբ փակում են փողոցը ու փորձում պարալիզացնել երթևեկությունը։
Աբովյան փողոցում է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քաղաքացիներին անխտիր բերման են ենթարկում։ Նրա խոսքով ՝ ոստիկանության աշխատակիցները հարվածել են լրատվամիջոցներից մեկի օպերատորին, ինչի հետևանքով վնասվել է տեսախցիկը։
Այնտեղ նաև բազաթիվ կարմիրբերետավորներ են, որոնք փորձում են կարգավորել երթևեկությունը։
Մալյան փողոցում նույնպես ինքնաբուխ կերպով քաղաքացիները աղբամաններ էին տեղադրել, Մյասնիկյան պողոտան, Սարալանջի սկզբնամասը, Տերյան փողոցը նույնպես փակվել էին կարճ ժամանակով։ Մյասնիկյան պողոտայում քաղաքացիներից մի քանիսը միացան բողոքի ակցիային։
Ժամը 08։30-ի դրությամբ ոստիկանությունը Մյասնիկյան պողոտայից քաղաքացիների է բերման ենթարկել։ Ներկա պահին ակցիայի մասնակիցները փակել են նաև Հանրապետության փողոցը, Թբիլիսյան խճուղին շարունակում է փակ մնալ, փակվել է Տիգրան Մեծի մի հատվածը, Նալբանդյան փողոցը։
08։35–ի դրությամբ կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել Տերյան փողոցը փակած քաղաքացիներին։ Նրանցից մեկին նույնիսկ տապալեցին գետնին ու այդպես գրեթե պառկած վիճակում մտցրին ոստիկանական մեքենա։
Փակ են նաև Կոմիտաս–Գյուլբենկայն խաչմերուկը, Բուզանդ և Վարդանանց փողոցները։
08։43-ի դրությամբ այս պահին փակ է Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցը, ինչպես նաև Հր. Քոչար–Վաղարշյան խաչմերուկը։ Բուզանդի փողոցը շարունակում է փակ մնալ։
09։00-ի դրությամբ Սարկավագի փողոցը շարունակում է փակ մնալ, քաղաքացիներն իջնում են հանրային տրանսպորտից ու ոտքով շարունակում ճանապարհը։ Կոմիտասի պողոտան շարունակում է փակ մնալ, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիները ծղոտի հակեր էին դրել, սակայն իրավապահներն այն հեռացրին։ Այնտեղից ևս ոստիկանները բերման են ենթարկում։ Կոմիտաս–Գյուլբենկյան խաչմերուկի հատվածում էլ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների։ Սայաթ–Նովա պողոտան էլ այս պահին փակ է։
09:05–ի դրությամբ Թումանյան փողոցը Հույսիսային պողոտայի հատվածում փակ է։ Կարմիր բերետավորներն այս պահին բերման են ենթարկում քաղաքացիներին։ Ոստիկանության մեքենայում էր հայտնվել նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սակայն նրան անմիջապես բաց թողեցին։
09։14-ի դրությամբ քաղաքացիներն ինքնաբուխ կերպով փակել են Խանջյան, Տիգրան Պետրոսյան, Աբովյան փողոցները, Հր. Քոչար–Գյուլբենկյան, ինչպես նաև Քոչար–Վաղարշյան, Թումանյան–Նալբանդյան խաչմերուկները։ Ներկայում շարունակում է փակ մնալ Սարկավագի փողոցը։
09։24-ի դրությամբ ներկայում քաղաքացիները փակել են Սարյան, Վազգեն Առաջինի, Մոսկովյան փողոցները։ Նշենք նաև, որ Վազգեն Առաջինի փողոցից մի քանի ոստիկան ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մի քաղաքացու։
09։34-ի դրությամբ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացրել։ Նրանք գետնանցումով քայլում են ու վանկարկում «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»։ Քաղաքացիները փակել են նաև Բաղրամյան պողոտան։
09։47-ի դրությամբ քաղաքացիները Աբովյան փողոցով քայլելով դեպի Հանրապետության հրապարակ էին գալիս, իսկ կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել մայթին կանգնած քաղաքացիներին։ ԱԺ պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը փորձում էր հասկանալ, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում, որոնք ոչինչ չէին անում, սակայն ոստիկաններից որևէ արձագանք չեղավ։
10։05. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Փարպեցի–Պուշկին, ինչպես նաև Սարյան–Արամի խաչմերուկները։ Ոստիկանները Աբովյան փողոցի սկզբնամասից (Հանրապետության հրապարակի հարակից տարածքում – խմբ.) բիրտ ուժ կիրառելով կրկին քաղաքացիների բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։