ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևանում տեղի ունեցած բողոքի և իրազեկման ակցիաների ընթացքում ժամը 11։00-ի դրությամբ ավելի քան 150 քաղաքացի է բերվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում ավելի քան 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Ժամը 10։30-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 134 մասնակցի էին տարել ոստիկանություն։ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների։
«151 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)», – ասացին ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։