Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից է տարվել ոստիկանություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները վաղ առավոտից Երևանում բազմաթիվ փողոցներ են փակել և անհնազանդության, իրազեկման ակցիաներ են իրականացնում։
Sputnik
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել. քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացնում։
«88 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։