ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են»,– ասված է հաղորդագրությունում։
ԿԸՀ արձանագրությամբ Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն` Քրիստինե Գագիկի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Իսպիրյանն ավագանու անդամ է դարձել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում։