ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգին, որի հետ տարածաշրջանում կայուն խաղաղությանը, հակամարտությունների կարգավորմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր է քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը` ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Փաշինյանը և Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև մի շարք ոլորտների համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Հիշեցնենք, որ Յան Բորգը Երևան է ժամանել մայիսի 13-ին։ Նա արդեն հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։