ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները՝ հաստատելով դրանց լուծման քաղաքական կամքը:
«Մենք քննարկել ենք նաև հույն-թուրքական հարաբերություններում փոխկապակցված խնդիրները։ Մենք անկեղծ երկխոսության և բարիդրացիության կամք ենք հայտնել, ինչպես նշված է Աթենքի հռչակագրում (ընդունվել է դեկտեմբերին` Էրդողանի՝ Հունաստան կատարած այցի ժամանակ,-խմբ.)», - ասել է Թուրքիայի նախագահը մամուլի համար արված հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ Հունաստանն ու Թուրքիան, վերջին մեկ տարում կարգավորում են հարաբերությունները երկարատև ճգնաժամից հետո։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Աթենքում տեղի ունեցան Թուրքիայի նախագահի բանակցությունները Հունաստանի վարչապետի հետ և համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը։ Արդյունքում ստորագրվել են բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին հռչակագիր և 15 փաստաթուղթ՝ համաձայնագրեր, հուշագրեր, համատեղ հռչակագրեր:
Հունաստանը և Թուրքիան հայտարարում են, որ մտադիր են առաջ մղել դրական օրակարգը և կենտրոնանալ համագործակցության վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտը, էներգետիկան, գիտությունը, տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրը, սոցիալական ապահովությունն ու առողջապահությունը, երիտասարդությունը, կրթությունն ու սպորտը: Օրակարգում 34 թեմա կա։