ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. NASA-ի մասնագետները ներկայացրել են լուսնային տրանսպորտային համակարգի մշակման նախագիծ, այն կոչվում է Flexible Levitation on a Track (FLOAT), որը թարգմանվում է որպես «Ճկուն լևիտացիա ճանապարհին»:
Գործակալության պաշտոնական կայքում հրապարակված նյութի համաձայն՝ նպատակը Լուսնի վրա երկաթուղային համակարգ ստեղծելն է, որը հիմնված է թռչող մագնիսական ռոբոտների օգտագործման վրա, որոնք կշարժվեն հատուկ եռաշերտ ժապավենային ուղղով: Այս նորամուծությունը նպատակ ունի նվազագույնի հասցնել լուսնային փոշու մաշվածությունը և ապահովել բեռների արդյունավետ փոխադրումը Լուսնի մակերևույթով:
Ըստ New-Science.ru հրատարակության՝ նման տեխնոլոգիան նաև կնվազեցնի տիեզերագնացների ռիսկերը՝ փոքրացնելով լուսնային մակերևույթի վրա նրանց ակտիվ շարժման անհրաժեշտությունը: Լուսնի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը լուսնի փոշին է:
Ակադեմիկոս Լև Զելյոնին «Ռոսիյսկայա գազետաին» տված հարցազրույցում ընդգծել է, որ փոշին լիցքավորված է էլեկտրականությամբ և կարող է վտանգավոր էլեկտրաստատիկ դաշտ ստեղծել, ինչը վնասակար է ինչպես սարքավորումների, այնպես էլ մարդկանց համար:
Հատկանշական է, որ «Ապոլոն 17» առաքելության տիեզերագնաց Եվգենի Սերնանը նկարագրել է լուսնի փոշու հետ կապված բարդությունները՝ ընդգծելով դրա թունավոր լինելը և սարքավորումներին ու տիեզերական հանդերձանքներին կպչելու ունակությունը:
FLOAT նախագծի շրջանակում նախատեսվում է, որ ռոբոտներն օրական մինչև 100 տոննա նյութեր կտեղափոխեն մոտ 1,60 կմ/ժ արագությամբ, ինչը կնպաստի պլանավորված լուսնային բազայի գործողություններին աջակցելուն: Ամերիկացի ինժեներները հույս ունեն համակարգը գործարկել մինչև 2030-ական թվականները՝ ակնկալելով, որ այն կդառնա լուսնային ենթակառուցվածքի հուսալի, ինքնավար և արդյունավետ մաս: