ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. 2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։ Տեղեկությունը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դեռ նոր տները չեն ստացել, իշխանությունը կտրել է նրանց ամսական դրամական օգնությունը, որը, ի թիվս այլ բաների, ծախսվում էր վարձավճարը մուծելու համար։
Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ կառավարության 2021 թվականի փետրվարի որոշման համաձայն սոցիալական օգնությունը պետք է տրամադրվեր մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, ինչն էլ իրականացվել է:
«2024 թվականին այդ միջոցառման իրականացման համար պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն», - նշված է պատասխանում։
Նշենք, որ երբ իշխանությունը հերթական անգամ տապալեց նոր թաղամասի կառուցման ժամկետները (թաղամասը պետք է պատրաստ լիներ դեռևս 2021 թվականին), 2023 թ. հոկտեմբերին որոշեց վճարումների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի ավարտը։
«Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ», - նշված էր կառավարության որոշման մեջ։
Պարզելու համար, թե ի վերջո տները երբ կհանձնվեն բնակիչներին, Sputnik Արմենիան հերթական անգամ դիմեց Քաղաքաշինության կոմիտե
Մեզ հայտնեցին, որ շինարարական աշխատանքներն ավարտված են։ Շինարարական աշխատանքներն ընդունելու համար հանձնաժողով է ստեղծվել, որն արդեն այցելել է օբյեկտ։
Տները բնակիչներին հանձնելու հարցով մեզ առաջարկեցին դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ ՏԿԵՆ-ը պատասխանեց, որ նախարարությունը գործընթացում «դեռ ներգրավված չէ»։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել էին, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։