ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երգիչ Յոստ Քլեյնը, որը «Եվրատեսիլում» ներկայացնում է Նիդեռլանդները, հեռացվել է մրցույթի եզրափակիչին մասնակցելուց: Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հաղորդագրությունում։
Մայիսի 10–ին հայտնի է դարձել, որ Յոստ Քլեյնը ինչ-որ միջադեպի պատճառով հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի համար շոուից, որի ընթացքում արտիստներին գնահատում են պրոֆեսիոնալները: Նշվել է, որ նա կոնֆլիկտի մեջ է մտել կա՛մ լուսանկարչի, կա՛մ պրոդյուսերի հետ։ Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS) հայտնել է, որ մայիսի 10–ին բողոք է ներկայացրել հեռուստատեսության աշխատակցուհիներից մեկը, որը պնդում է, որ Քլեյնը սպառնացել է իրեն: Չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։
Երգչի և հաղորդավարուհու հարցաքննությունից հետո գործը հանձնվել է դատախազին։ Դատավարությունը կարող է տևել մի քանի շաբաթ: Բողոքի մանրամասները չի ներկայացնում նաև EBU-ն, սակայն Քլեյնի պահվածքն անվանվում է անպատշաճ։
«Մենք հավատարիմ ենք մեր միջոցառման ընթացքում անպատշաճ վարքագծի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությանը և ձգտում ենք ապահովել անվտանգ ու հանգիստ աշխատանքային միջավայր մրցույթի բոլոր աշխատակիցների համար: Այս լույսի ներքո Յոստ Քլեյնի պահվածքը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում», - հայտարարել են կազմակերպիչները։
Այսպիսով, եզրափակիչ դուրս կգան 25 երկրների ներկայացուցիչներ։ «Եվրատեսիլ 2024»–ի եզրափակիչը կսկսվի մայիսի 11–ին, ժամը 23–ին։