Ինչո՞ւ են 1988թ–ի քարտեզները գաղտնի պահվում հասարակությունից. Աբրահամյանը տարակուսած է

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իրեն որևէ հիմնավոր բացատրություն չի տրվել, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են դրանք գաղտնի դիտարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետի հետ՝ հասկանալու համար, թե վերջապես ինչ քարտեզների հիման վրա է իրականացվում ներկայիս դելիմիտացիան, մասնավորապես՝ Տավուշում։
Բանն այն է, որ 1984-88թթ.փաստաթղթեր կան Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ։ Դրանք ՊՆ-ի տրամադրության տակ են, բայց չեն դրվել սահմանազատման գործընթացի հիմքում, ինչը Աբրահամյանի մոտ կասկած է հարուցում։
«Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ է։ Խիստ վիճարկելի է նաև իշխանության մոտեցումն առ այն, որ թեմայի արծարծումն ինքնին խնդիրներ է առաջացնում բանակցային գործընթացում: Սա այն պարագայում, երբ ադրբեջանցիները նույն քարտեզներին տիրապետում են, և ստացվում է, որ գաղտնիության տարրերը տարածվում են բացառապես ՀՀ քաղաքացիների վրա»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` իրեն որևէ հիմնավոր բացատրություն չի տրվել, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են դրանք գաղտնի դիտարկվում։
Աբրահամյանը տարակուսած է` եթե այսօր օրենքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպես կարող է գաղտնի լինել 1988 թ․ սահմանը։ Մանավանդ, եթե նկատի ունենանք ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե 1988 թ․ փաստաթղթերը իրավական ուժ չունեն։
Պատգամավորը նաև ընդգծել է`չկա որևէ երաշխիք, որ կոնկրետ թելադրվող հատվածներում ադրբեջանական պատկերացումներով «դելիմիտացիայի» անցկացումից հետո, հնարավոր կլինի սահմանազատում և սահմանագծում իրականացնել բոլոր այն տեղամասերում, որտեղ Ադրբեջանը մխրճումներ ունի:
«Հայաստանի կառավարիչներն իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում: Նրանք փորձում են առաջ տանել այն անիմաստ թեզը, թե մենք հանձնում ենք Ադրբեջանի պահանջած հատվածները, որպեսզի ագրեսորի կարգավիճակից դուրս գանք ու հետո լեգիտիմ պահանջներ ներկայացնենք Ադրբեջանին»,–նշել է նա:
Աբրահամյանի համար ակնհայտ է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել միայն Հայաստանի կողմից հետագա զիջումների։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին են հանձնում այն տարածքները, որոնք այսօր,ըստ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի, այսինքն՝ դե յուրե, ՀՀ տարածք են:
Ավելի վաղ Աբրահամյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ 2022 թվականին կադաստրի կոմիտեում պահվել է 1988 թվականի փաստաթուղթ, որը տեղեկություններ էր պարունակում Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ հողօգտագործողների սահմանների մասին։
Փաստաթղթին, ինչպես պնդում էր պատգամավորը, կցվել է 182 քարտեզ, որոնք ընդգրկում են սահմանի 975 կմ հատվածը։ Սակայն 2024 թվականին կոմիտեում, ի պատասխան հարցման հայտնել էին, որ նման փաստաթուղթ իրենք չունեն։
Աբրահամյանը ենթադրել էր, որ դրանք կարող էին կա՛մ ոչնչացվել, կա՛մ թաքցվել։ Կադաստրի կոմիտեն հաստատել է, որ 2022 թվականին նշված նյութերն իսկապես պահվել են իրենց մոտ։ Ավելի ուշ կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտմանը վերաբերող փաստաթղթերը փոխանցվել են պաշտպանության նախարարությանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։