Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք–զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել

Ոստիկանության բաժանմունքում նրանք 6 ժամ են անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Զենք կրելու կասկածանքով Էջմիածին քաղաքում ձերբակալված 6 անձանց մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նրանց ձերբակալման իրական պատճառն առերևույթ այն է, որ վերջիններս նախապես հայտարարել էին Էջմիածնի թիվ 7 դպրոցի մոտ Նիկոլ Փաշինյանի առջև բողոքի խաղաղ գործողություն կատարելու մտադրության մասին»,–գրել է Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ նշված անձինք 6 ժամ անց ազատ են արձակվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էջմիածին։
Նա գրել էր, որ 8:30-ին «Էջմիածին» դաշինքի անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրեն» ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին։