Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թվականին, այն օծվել էր 1998 թվականի մայիսի 31-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Քորթոշյանը։
Արբանյակային լուսանկարները
Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել 1998 թ. մայիսի 31-ին։
Այսպիսով Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածում են մզկիթի։
Բացի այդ, պարբերաբար տեղեկություններ են հայտնի դառնում ադրբեջանցիների կողմից հայկական այս կամ այն հուշարձանի ոչնչացման մասին։ Բոլոր տարածքներում, որոնք պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ է ավերվել։