ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժան առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունի։ Այս մասին Բագրատ սրբազանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ անցումային շրջանի վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,- լրագրողներին ասաց սրբազանը` արձագանքելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին։
Լրագրողի հարցին՝ իսկ եթե շարժման մեծ մասը Ձեզ տեսնի որպես վարչապետի թեկնածու, սրբազանը պատասխանեց, որ շարժման ընթացքը կորոշի։
«Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել»,- ասաց սրբազանը։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։