ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մայիսի 9-ին կապ են հաստատել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների հետ։ Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում լրագրողներին հայտնեց շարժման առաջնորդներից մեկը` Սուրեն Պետրոսյանը։
Նշենք, որ մայիսի 9-ին շարժումը երթով հասավ Երևան։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և բազմաթիվ քաղաքացիներ գիշերել են հրապարակում։
«Երեկվանից որոշ կոնտակտներ եղել են ՔՊ–ից, իրենց նախաձեռնությամբ։ Անուններ չեմ կարող ասել, բայց, խնդրեմ, կարող են հերքել։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա, մենք հազար անգամ սրա մասին խոսել ենք։ Այս ամենը հաշտության մասին է, մենք որևէ մեկին թշնամի չենք դիտարկում»,– ասաց նա։
Պետրոսյանը նաև շեշտեց, որ իրենց շարժումը նաև ՔՊ–ականների համար է։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։