Մինչև կիրակի երեկո պետք է հայեցակարգեր ներկայացնել. Բագրատ սրբազանը հանձնարարականներ տվեց

Բագրատ սրբազան
Վաղը Երևանում ու մարզերում անհնազանդության խաղաղ գործողություններ են իրականացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիս – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին մինչև կիրակի երեկո ժամանակ տվեց, որպեսզի նրանք դիվանագիտական ու ռազմական հայեցակարգեր ներկայացնեն։ Նա այդ մասին հայտարարեց հանրահավաքի ժամանակ։
Սրբազանը հանձնարարեց մշակել և կազմել խաղաղ բանակցությունների, սահմանազատման և սահմանագծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։
«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք, թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան՝ ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը, որը պետք է լինի»,– ասաց նա։
Իսկ նախկին զինվորականներին նա խնդրեց ներկայացնել պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ։
«Մեր փափագն է, որ դուք կարողանաք համեմատություն անել , որ դուք հասկանաք, թե ինչ վիճակում եք հիմա ու ինչ ենք առաջարկում մենք հիմա ձեզ»,– ասաց նա։
Սրբազանը հավաքվածներին խնդրեց ձեռքերը ծալած չնստել և նույնպես ներկայացնել, թե ինչ գործողություններ են ուզում իրականացնել։ Տավուշի թեմի առաջնորդը հորդորեց մարդկանց մինչև մյուս ուրբաթ խաղաղ, բարեկիրթ և համառ բանակցություններ ունենալ ՔՊ–ականների հետ։
«Սուրճ խմեք, թեյ խմեք իրենց հետ, պատրաստ չե՞ք, բա դուք մահապարտ չե՞ք... Կատակը կատակ, բայց սա շատ կարևոր է։ Մենք պետք է բացատրական աշխատանքներ տանենք առանց վիրավորանքի ու ագրեսիայի»,– հավելեց Բագրատ սրբազանը։
Վերջում նա տեղեկացրեց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում. 10 տեղերում՝ Երևանում ու մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։ Իսկ հանրահավաք կլինի կիրակի` 18։30–ին, այդ օրը կներկայացվի շարժման քայլաշարը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։