Խոշոր խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ ԵՄ շատ երկրների հետ արտահանձնումների գործընթացի սառույցը կարծես թե հալվել է, ի տարբերություն ԱՄՆ–ի։
Նա նշել էր, որ դա փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց է։ Եվրոպական երկրների հետ այնքան վստահություն ունեն, որ աշխատում են էլեկտրոնային փոստով։