ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները փողոցային պայքարին զուգահեռ հայտարարեցին ՀՀ ազգային ժողովի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին հասնելու իրենց մտադրության մասին։ Այդ նպատակով ակտիվ քննարկումներ են ընթանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ։
Սակայն ընդդիմությունը բավարար ձայներ չունի այս գաղափարն իրականացնելու համար։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 1/3–ի` 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմությունն ընդհանուր առմամբ ունի 35 պատգամավոր, ինչը նշանակում է, որ նրանց ևս մեկ պատգամավոր է պետք։ Տեսականորեն դա կարելի է անել անկախ պատգամավորի օգնությամբ։
Այժմ անկախ պատգամավորի կարգավիճակ ունի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, որը լքել է «Պատիվ ունեմ»-ի շարքերը։ Բայց ինչպես ավելի վաղ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, այս հարցի շուրջ քննարկումներ դեռ չեն եղել։
Միաժամանակ, ընթացակարգը սկսելու համար ընդդիմությունը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ ձևաթուղթը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հավաքվի անհրաժեշտ 36 ստորագրությունը, ապա 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն անցկացվի։
Ամենադժվարը, թերևս, քվեարկության փուլն է. իմպիչմենտի գործընթացի համար պետք է առնվազն 54 ձայն, այսինքն` ընդդիմությանն անհրաժեշտ է լրացուցիչ 18 պատգամավոր ներգրավել։ Շարժման առաջնորդներն ակնկալում են դրան հասնել փողոցային ճնշումների մեծացմամբ։ Խաչատրյանը դժվարացավ ասել, թե երբ կսկսվի իմպիչմենտի գործընթացը, քանի որ շատ բան կախված է ներկա իրավիճակից։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։