Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի մեղադրանք է ներկայացվել

Մեկուսարան
6 անձանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ` տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք, վարչական հսկողություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող («օրենքով գող) անձ է կալանավորվել, ևս 6 անձի էլ քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քրեական աշխարհում «Բ․ Հ.» մականունով հայտնի անձը 2020թ․փետրվարի 22-ի դրությամբ ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Նրան խնդրանքով դիմել են անձինք` մի շարք քաղաքացիների կողմից նրանց պարտք եղած 7 միլիոնՀՀ դրամը, 39 հազար դոլարը և տարբեր չափերի այլ գումարներ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վերադարձնելու առնչությամբ։ Բ.Հ.–ն Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում ընդունել է տարբեր առիթներով տեղի ունեցած վիճաբանությունների մասնակից կողմերին ու լուծել վեճերը։
«Քննությամբ պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը հեռախոսազանգերի միջոցով, ինչպես նաև համակարգչային խաղասրահում հրահանգներ տալով, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում։ Վերջինս 2024թ․ հունվարի 17-ին վերոնշյալ հասցեում, կազմակերպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաք, որտեղ քրեական աստիճանակարգությամբ օժտված մի շարք անձանց հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿ–ն նշում է, որ նրանք, ովքերհամաձայնել են վեճի լուծման առումով «օրենքով գողի» առաջարկած տարբերակին, փաստացի ներգրավվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով։
Քրեական վարույթի շրջանակում ևս 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական ենթամշակույթին վերաբերող համապատասխան հոդվածներով։ Նշվում է, որ նրանցից 2-ը՝ իրենց մասնավոր հարցերը լուծելու համար քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին առերևույթ դիմողներ են, իսկ 4-ը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ենթադրյալ մասնակիցներ։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող նշված անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ` տնային կալանք և գրավ, 1 անձի նկատմամբ` վարչական հսկողություն և գրավ, 1 անձի նկատմամբ` վարչական հսկողություն, 2 անձի նկատմամբ էլ բացակայելու արգելք։
Նախաքննությունը շարունակվում է։
«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ