Փաշինյանի իշխանության օրոք ԵԱՏՄ էներգետիկ միասնական շուկան Հայաստան չի հասնի. Թաթուլ Մանասերյան

Sputnik
Փաշինյանի իշխանության օրոք ԵԱՏՄ էներգետիկ միասնական շուկան Հայաստան չի հասնի։ Sputnik Արմենիայի եթերում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ գագաթաժողովում ՀՀ վարչապետի բարձրացրած խնդիրը` միասնական շուկայի ձևավորման ձգձգվելու մասին։
«Էներգետիկ շուկան միայն տնտեսական շուկա չէ, այլ քաղաքատնտեսական։ Մանավանդ եթե գազը նկատի ունենանք, քանի որ Հայաստանի տնտեսության զարգացումը պայմանավորում է հենց ռուսական գազը։ Իսկ Հայաստանն այսօր իրենից վանում է իր գործընկերոջը»,– ասել է Մանասերյանը։
Մայիսի 8-ին Մոսկվայում կայացավ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները քննարկել են տնտեական համագործակցության օրեկարգը, բարձրաձայնել խնդիրների մասին։
Բելառուսի նախագահը նշել է, որ անհետաձգելի լուծում է պահանջում ԵԱՏՄ-ում պետգնումների հասանելիության ազատականացման և ազգային հովանավորչության մակարդակի նվազեցման հարցը։ Ղազախստանի նախագահը կարևորել է միասնական, առանց խոչընդոտների ներքին շուկայի ստեղծումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ անհարկի ձգձգվում է ԵԱՏՄ-ում էներգառեսուրսների կարգավորման միասնական համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը։ Փաշինյանի խոսքով` այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում: