ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն երրորդ հաղորդագրությունն է տարածել՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հաղորդագրություններից մեկում ՔԿ-ն հորդորում է շարժման կազմակերպիչներին ու մասնակիցներին պահպանել հավաքների ազատության օրենսդրական պահանջները, դրևորել իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։
ՀՀ քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։
Րոպեներ անց ՔԿ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «TikTok»-ում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակիցներից մեկը խոսակցություն է հրապարակել՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ։
Ըստ ՔԿ-ի՝ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։