ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից դեպի Հանրապետության հրապարակ իրականացվող երթի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
««Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը):
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքները կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։