ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի –Sputnik. Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալությունը հայտարարել է, որ մայիսի 6-ից մոտ 80 հազար մարդ լքել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահն այն բանից հետո, երբ Իսրայելն ակտիվացրել է ռազմական գործողությունները քաղաքում: Տեղեկությունը նշված է կազմակերպության X ցանցի հաղորդագրության մեջ:
«Մայիսի 6-ին, իսրայելական ուժերի ռազմական գործողության ակտիվացումից սկսած, մոտ 80 հազար մարդ հեռացել է Ռաֆահից՝ ապաստան փնտրելով այլ վայրերում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։