ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիան Գետարգել գյուղում անցկացրել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին` մեկ անգամ ևս անդրադառնալով հայերի մասնակցությանն ու սխրագործություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիան Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ այսօր Կոտայքի մարզի Գետարգել գյուղում անցկացրել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում: Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի կազմակերպած միջոցառումը Կոտայքի մարզի Գետարգել գյուղում
Միջոցառման ժամանակ Հայաստանի մի խումբ ռադիոսիրողներ հնչեցրել են այս տարվա ազդականչը` EK79V, որը խորհրդանշում է Հաղթանակի 79-րդ տարեդարձը: Ազդականչին միացել են ռադիոսիրողներ և ռադիոօպերատորներ աշխարհի տարբեր կետերից` փոխանակվելով իրենց ռադիոհաղորդագրություն-շնորհավորանքներով:
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին` մեկ անգամ ևս անդրադառնալով հայերի մասնակցությանն ու սխրագործություններին:
ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի կազմակերպած միջոցառումը Կոտայքի մարզի Գետարգել գյուղում
Ռադիոկապով հետաքրքրված աշակերտները հնարավորություն են ունեցել կատարել որոշակի առաջադրանքներ` փորձելով ռացիաներով աշխատանքի իրենց կարողությունները:
Հավելենք, որ ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը տարբեր ծրագրեր է իրականացնում դպրոցականների և ուսանողների շրջանում ռադիոսպորտի և ռադիոկապի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, այն պահելու և զարգացնելու ուղղությամբ:
Արդեն 10 և ավելի տարիներ ֆեդերացիայի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցում գործում է ռադիոտեխնիկայի խմբակ:
«Անմահ գունդը» հասավ Երևանի Հաղթանակի զբոսայգի
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: