ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Բագրատ սրբազանը ՀՀ իշխանություններին խորհուրդ տվեց կարդալ 50-րդ Սաղմոսը և մտածել, թե ինչ են անելու, մինչև շարժումն ու դրա մասնակիցները հասնեն Հանրապետության հրապարակ։
«Թող ծայրից ծայր կարդան, անգիր սովորեն»,- ասաց Գալստանյանը։ Նա կրկին հիշեցրեց, որ սա համաձայնության շարժում է, այն կարող է անընդունելի լինել միայն սատանայի համար։
«Մենք պահանջ չենք ներկայացնում, դուք ձեր որոշումը կայացրեք»,–ասաց սրբազանը դիմելով ՀՀ իշխանությանը։
Նա շեշտեց, որ այսքան մարդ հավաքվել է Հանրապետության հրապարակում՝ իր խոսքն ասելու։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Երևանի Հանրապետության հրապարակում այժմ հավաքվում են նախապես հայտարարված հանրահավաքի մասնակիցները։