ԱՄՆ-ից զենքի մատակարարման դադարեցումը կվնասի Գազայում Իսրայելի ռազմական պլանները. ԶԼՄ

Մատակարարման դադարեցման մասին անցյալ շաբաթվա վերջին հայտնել էին ԶԼՄ-ները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում գործողության ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը` Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ, «կվնասի» Գազայում ռազմական գործողությունների վերաբերյալ Իսրայելի ծրագրերին: Այս մասին իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը հայտնել է կառավարության աղբյուրը։
Մայիսի 8–ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Իսրայելին զենքի մատակարարման ժամանակավոր դադարեցումը՝ նշելով, որ խոսքը ռազմական օգնության մեկ խմբաքանակի մասին է: Մատակարարման դադարեցման մասին անցյալ շաբաթվա վերջին հայտնել էր Axios պորտալը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը` կապված․․․ Իսրայելին զենքի մատակարարման հետ վնաս կհասցնի պատերազմում օպերատիվ ծրագրերին և նույնիսկ կստիպի Իսրայելին զբաղվել սպառազինությունների տնտեսությամբ», - մեջբերում է Kan-ը կառավարության բարձրաստիճան աղբյուրի խոսքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ հրապարակավ խոստովանել էր, որ Իսրայելին մատակարարվող ամերիկյան սպառազինությունը Գազայի հատվածի խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դարձել:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ