ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Այսօր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը փորձում են աղավաղել, այդ ճշմարտությունը խանգարում է նրանց, ովքեր գաղութային քաղաքականություն են կառուցում ստի վրա, շքերթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում խեղաթյուրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը։ Նրանք քանդում են նացիզմի դեմ մարտիկների ճշմարտության հուշարձանները, պատվանդան են բարձրացնում դավաճաններին և նացիստների հանցակիցներին, ջնջում են ազատագրող զինվորների հերոսության և ազնվության հիշատակը, այն մեծ զոհաբերության հիշատակը, որը նրանք արել են հանուն կյանքի»,-ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ։
ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի նսեմացրել «երկրորդ ճակատի» նշանակությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին և հարգում է հակահիտլերյան կոալիցիայի բոլոր զինվորների, դիմադրության մասնակիցների, ընդհատակյա մարտիկների, պարտիզանների քաջությունը:
Սակայն Ռուսաստանը մերժում է ցանկացած պետության կամ դաշինքի բացառիկության հավակնությունները․ հայտնի է, թե ինչի է հանգեցնում նման հավակնությունների աճը։
Պուտինի խոսքով՝ ռևանշիզմը, պատմությունը ծաղրելը, նացիզմը արդարացնելը արևմտյան էլիտաների ընդհանուր քաղաքականության մի մասն են՝ տարածաշրջանային նորանոր հակամարտություններ, ազգամիջյան և միջկրոնական թշնամանք հրահրելու համար, համաշխարհային զարգացման ինքնիշխան, անկախ կենտրոնները զսպելու նպատակով։
ՌԴ նախագահը ելույթի վերջում լռության րոպե հայտարարեց. «Խոնարհվում ենք մեզնից հեռացած վետերանների, նացիզմի դեմ մարտում ընկած մարտական ընկերների առջև»: