ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Այս մասին ասված է ԱԱԾ–ի հայտարարությունում։
«Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,– շեշտել է ԱԱԾ–ն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։