ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 800 հայկական բեռնատար է սպասում իր հերթին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Մոտ 400 բեռնատար ունենք ՀՀ-ՌԴ ուղղությամբ ճանապարհին, նույնքան էլ` հակառակ ուղղությամբ»,– ասաց նա:
Նշենք, որ ճանապարհը երեկվանից փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: