ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի կունենա այսօր Մոսկվայում, երկուստեք անհրաժեշտ է ու սպասված։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը բավական լարված է. մայիսի 8–ը նվիրված է եվրասիական ինտեգրման հիմնական թեմատիկային։
«Մոսկվայում օրվա կեսին մեկնարկելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, այն ավանդաբար լինելու է և՛ նեղ, և՛ ընդլայնված կազմով ։ Մասնակիցներն անպայման կլուսանկարվեն միասին: Հատկանշական է, որ ընդլայնված կազմով այս նիստին, որն ընդհանուր առմամբ նվիրված է ԵվրԱզԷՍ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին, որպես դիտորդ ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ միջոցառման ամփոփիչ փաստաթղթերի ստորագրումից հետո Պուտինի մոտ ոչ պաշտոնական ճաշկերույթ կանցկացվի ԱՊՀ մասնակից պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին:
«Աշխատանքային օրվա ավարտին նախատեսված է նաև Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը, որը երկու կողմի համար էլ անհրաժեշտ է ու սպասված»,– հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` նախագահելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։