ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում անցկացվող ԵԱՏՄ նիստում հայտարարել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհանդիսանա միության երկրների ապրանքաշրջանառության աճի համար:
Այս համատեքստում նա ևս մեկ անգամ հիշատակել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ ստեղծել առևտրային և տնտեսական կապերի զարգացման համար: Վարչապետը նշել է, որ դա պետք է տեղի ունենա պետությունների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության հիման վրա:
Ընդհանուր առմամբ, հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և պատրաստակամություն է հայտնում ակտիվ փոխգործակցել բոլոր անդամ պետությունների հետ՝ ի շահ տնտեսական համագործակցության հետագա զարգացման:
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։