ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Չի կարելի թույլ տալ ԵԱՏՄ մասին հիմնարար պայմանագրում աշխատանքային միգրացիայի վերաբերյալ դրույթների խախտումներ կամ վատթարացում, Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Աշխատանքային միգրացիայի վերաբերյալ օրենսդրական ակտերի մշակման ժամանակ շատ հավասարակշռված և համաձայնեցրած մոտեցում է անհրաժեշտ։ Պետք է ամրապնդել մեր քաղաքացիների վստահությունը և շարունակել աշխատանքը միասնական աշխատաշուկայի ձևավորման ուղղությամբ», - ավելացրել է Ժապարովը։
Նա նաև կարևորել է կադրերի պատրաստման գործում ակտիվ համագործակցության զարգացումը: Այս առումով Ժապարովը կարևորել է համատեղ կոմպետենցիաների կենտրոնների ստեղծումը։
Խոսելով արտաքին առևտրի պայմանների բարելավման մասին՝ նա ընդգծել է, որ 2023 թվականի վերջին ստեղծված Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը պետք է արագացնի իր աշխատանքը։ Այդ ընկերությունը պետք է (բեռների մատակարարման ժամանակ ռիսկերի վերաապահովագրության միջոցով) աջակցություն ցուցաբերի միության ներքին և արտաքին առևտրի զարգացման գործում։ Ղրղզստանի առաջնորդը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է արագացնել առևտրային ապահովագրության ազգային համակարգերի հետ փոխգործակցության հաստատման աշխատանքը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: