ՀՀ կառավարության նիստը տևեց ընդամենը 13 րոպե. քննարկվեց 3 հարց

Տիգրան Խաչատրյան
Քանի որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ, նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը տևեց ընդամենը 13 րոպե, որի ընթացքում քննարկվեց 3 հարց։ Նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` նախագահելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
Օրակարգի հարցերից մեկով հավանություն տրվեց«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հոկտեմբերի 1–ից և սահմանում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին ՀՀ–ում աշխատող բժիշկների` առցանց մասնակցության դեպքում դրանց համար նախատեսված վճարի փոխհատուցման կարգը։
Քննարկված նախագծով հավանություն տրվեց ՀՀ–ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան–Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի (236 մլն եվրո արժողությամբ) ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրի շրջանակում կկառուցվի 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Քննարկված 3–րդ նախագծով, ինչպես ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 1 մլրդ 12 մլն դրամ կհատկացվի ՀՀ 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
ՀՀ–ն կողմ է փողերի լվացման դեմ պայքարին. գործադիրը հավանություն տվեց ԱՊՀ համաձայնագրին