Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ` չնայած ֆինանսավորման դադարեցմանը. աղբյուր

Աղբյուրի խոսքով` Հայաստանի հետ աշխատանքը տարվում է ՀԱՊԿ շրջանակում, բայց ոչ ամբողջությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ` ելնելով նրանից, որ ՀՀ–ի հետ կա փոխգործակցության ձև, թեև ոչ լիարժեք ձևաչափով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ–ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը:
«Մեր պատկերացմամբ և նրանց հասկացողությամբ` նրանք մնում են մեր կազմակերպության անդամ։ Նրանք միության հետ փոխգործակցության ձև ունեն` ներկայության համապատասխան մակարդակում: Այնտեղ վարչապետի կողմից նշանակված մշտական ներկայացուցիչ չկա, բայց կա աշխատակից, որը մասնակցում է, ուստի կա տեղեկատվության փոխանակում: Այսինքն` աշխատանքներ են տարվում, բայց ոչ լիարժեք չափով»,– նշել է աղբյուրը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել 2021 և 2022 թթ. իրադարձությունների ժամանակ (նկատի ուներ Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները, – խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։
Խնդիրներ կան, բայց երկխոսում ենք. Արարատ Միրզոյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Կազմակերպությունում հայտարարել են, որ ՀԱՊԿ–ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում իր ինքնիշխան տարածքը` հարևանների հետ կարգավորված պետական սահմանների հատվածներում։